Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Արտակ Առուստամյանը մասնակցել է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարության հանրային քննարկմանը
մայիսի 23, 2023
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի գլխավորությամբ անցկացվել է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2023-2026 թվականների ռազմավարության նպատակների և ուղղությունների վերաբերյալ քննարկումը, որը, ըստ էության, գնահատողական է և նպատակ է հետապնդում հավաքագրել բարձրաձայնված խնդիրներն ու մտահոգությունները:
Լևոն Բալյանն արձանագրել է, որ ներկայումս իրականացվող լայնածավալ բարեփոխումների շրջանակներում առանձնակի կարևորվում են քրեական պատիժների ոլորտում անձանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունը, դրանց լիարժեք իրացման երաշխիքների ստեղծումը, իրավունքների և օրինական շահերի իրացմանն ուղղված արդյունավետ մեխանիզմների նախատեսումը, ինչպես նաև շարունակական կատարելագործումն ու դրանց նորովի արժևորումը:
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում իրավիճակը բարելավելու, ինչպես նաև ոլորտի շարունակական զարգացումն ապահովելու համար 2023-2026թթ. ռազմավարության նպատակներ են լինելու քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի օրենսդրության բարեփոխումը, քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի ծառայության ենթակառուցվածքների և տարածքների արդիականացումը, քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների շարունակական կատարելագործումը և պատժի նպատակների արդյունավետ իրացումը, որին հասնելու համար առաջնահերթ են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում առկա խնդիրների մանրամասն ուսումնասիրությունը և դրանց լուծմանն ուղղված թիրախային քայլերի ձեռնարկումը:
Լևոն Բալյանը նշել է, որ ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել ինչպես 2019-2023թթ. ռազմավարությամբ նախատեսված և չկատարված կամ մասամբ կատարված միջոցառումների կատարման անհրաժեշտությունը, այնպես էլ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ տարբեր շահագրգիռ անձանց և կազմակերպությունների կողմից ներկայացված նկատառումներն ու առաջարկությունները:
Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ շարունակվելու է արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցությունը: