Պաշտոնական

Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը ներկա է եղել դատապարտյալների շախմատի միջհիմնարկային մրցաշարին

փետրվարի 28, 2024

Փետրվարի 27-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է շախմատի միջհիմնարկային մրցաշար, որին մասնակցել է 22 դատապարտյալ, այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք, «Արթիկ», «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան», «Վանաձոր» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներից։

Մրցաշարին ներկա են եղել Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը, նրա առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, ՖԻԴԵ-ի վարպետ, մարզիչ Տիգրան Գասպարյանը և այլ հյուրեր։

Ամբակում Գրիգորյանը հաղթանակ է մաղթել մասնակիցներին՝ ակնկալելով  տարեցտարի առավել բարձր արդյունքներ, որոնք, ըստ Ծառայության պետի, կարող են գրանցվել հատկապես թիմի անդամների հմտությունների, կարողությունների և մտային ուժի ու ճկունության միավորումից։ 

Միջհիմնարկային մրցաշարի արդյունքում հաղթող են ճանաչվել դատապարտյալներ Ա․ Չատինյանը՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից, Ա․ Ասրյանը՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկից, Ա․ Հովհաննիսյանը, Հ․ Աբաջյանը, Կ․ Բերբերյանը և Մ․ Սարգսյանը՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, իսկ Ռ․Սարգսյանը և Հ․ Թորգոմյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ընտրվել են որպես պահեստային  խաղացողներ։

Նշված դատապարտյալները կներկայացնեն Հայաստանի Հանրապետությունը հոկտեմբերին կայանալիք դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնությանը։ Իսկ մինչ այդ՝ նրանց հետ աշխատելու են և պատրաստելու առաջնությանը ՖԻԴԵ-ի լավագույն մարզիչները։