Պաշտոնական

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը ելույթ է ունեցել ԵԽ ծրագրերի համակարգող խորհրդի նիստին

մարտի 13, 2025

Այսօր՝ մարտի 13-ին, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրերի համակարգող խորհրդի առաջին նիստին։ 

Հանդիպմանը ներկայացվել են նշված ծրագրերի շրջանակներում նախատեսվող աշխատանքները։

Իր ելույթում Ծովինար Թադևոսյանը խոսել է Եվրոպայի խորհրդի հետ սերտ համագործակցության արդյունքում ունեցած նշանակալի ձեռքբերումների մասին՝ մասնավորապես անդրադառնալով ազատազրկված անձանց վերասոցիալականացման գործընթացի արդյունավետության համար ստեղծված ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի ներդրմանը, քրեակատարողական ծառայողների և աշխատակիցների՝ ԵԽ աջակցությամբ իրականացվող վերապատրաստումներին։

Ծառայության պետը ներկայացրել է նաև ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում 2024 թվականին ստեղծված կահույքագործության արտադրամասի գործունեությունը՝ հավելելով, որ առաջիկայում այնտեղ կհիմնվի մեկ այլ նոր արտադրամաս, բացի այդ՝ տարբեր արտադրամասեր կհիմնվեն «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում։ Ծովինար Թադևոսյանն ընդգծել է, որ նման ուսումնաարտադրական կենտրոնների հիմնումը կփոխի ազատազրկված անձանց վերաբերմունքն աշխատանքի նկատմամբ, և բոլորովին այլ մթնոլորտ կստեղծվի քրեակատարողական հիմնարկներում։ Ծառայության պետը նաև հույս է հայտնել, որ նշված ձեռքբերումների շնորհիվ կամրապնդվի և կընդլայնվի համագործակցությունը ԵԽ-ի հետ։ 

Համակարգող խորհրդի նիստին հանդես են եկել նաև Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, գրասենյակի ներկայացուցիչներ և այլ հյուրեր։