Քրեակատարողական ծառայության և «IRZ» միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հերթական միջոցառումը «Վանաձոր» ՔԿՀ աշխատակիցների մասնակցությամբ
նոյեմբերի 29, 2022
Դեռևս 2016 թվականից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և «IRZ» միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի միջև սկսած համագործակցության շրջանակներում ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցների/ծառայողների համար Հիմնադրամի կողմից կազմակերպվել և իրականացվել էր վերապատրաստման երկօրյա դասընթացների հերթական ծրագիրը։
Դասընթացներին ներկա են եղել «Կարլսրուե» քրեակատարողական հիմնարկի ղեկավար, առաջատար պետծառայող Թոմաս Մյուլլերը, նրա տեղակալ, հիմնարկի ավագ խորհրդական Հայկո Օբերլեն, Հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող և պատասխանատու Նելլի Թումասյանը, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, իրավական և հոգեբանական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը, «Վանաձոր» ՔԿՀ-ի վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ծառայողներ/աշխատակիցներ, ոլորտի այլ փորձագետներ։
Մինչ դասընթացը՝ կազմակերպիչները մասնակիցների ուղեկցությամբ շրջայց են կատարել «Վանաձոր» ՔԿՀ-ում։
Ծրագրի կազմակերպման հիմնական նպատակը ՀՀ մի քանի քրեակատարողական հիմնարկներում անձնակազմի վերապատրաստումն էր, որը ներառում է նաև վերակազմավորման միջոցով գոյություն ունեցող քրեակատարողական համակարգից պատժի կատարման պլանավորման համակարգի անցում։
Դասընթացներին քննարկվել են մասնավորապես այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կարանտինային կայանի վերակազմավորումը պատժի կատարման պլանավորման համակարգի, թերապիայի միջոցառումների ներմուծումը գործնական աշխատանքներում, առանձին աշխատանքային խմբերի միջոցով համապատասխան հայեցակարգերի մշակում, ինչպես նաև՝ առաջարկների կազմում և ներկայացում, դատապարտյալների համար աշխատանքի և ժամանցի հնարավորությունների ստեղծում և ոլորտային այլ հարցեր։
Հայաստանյան և գերմանական ՔԿՀ-ների աշխատակիցների միջև գործնական փորձի փոխանակման գործընթացը և նմանատիպ արդյունավետ միջոցառումների կազմակերպումը լինելու են շարունակական։