Պաշտոնական

Քրեակատարողական հիմնարկների մասնագետները մասնակցում են ԵԽ աջակցությամբ իրականացվող վերապատրաստումներին

ապրիլի 23, 2025

Ապրիլի 21-ից 23-ը Եվրոպայի խորհրդի աջակցությամբ անցկացվում է վերապատրաստում՝ նախատեսված Կախվածությունների ծրագրի իրականացման վերապատրաստողների համար։ ԵԽ «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրի շրջանակներում իրականացվող եռօրյա վերապատրաստմանը մասնակցում են ՀՀ արդարադատության նախարարության «Սևան», «Վարադաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկների հոգեբանները, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները։

Վերապատրաստման առաջին օրը բացման խոսքով հանդես է եկել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը, որն իր խոսքում կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը և նման վերապատրաստումների անցկացումը մասնագիտական գիտելիքների շարունակական զարգացման, ազատազրկված անձանց հետ իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման համատեքստում։ 

Վերապատրաստման ընթացքում ԵԽ միջազգային և ազգային փորձագետների կողմից ներկայացվելու են կախվածությունների հաղթահարման աշխատանքներում մոտիվացիոն հարցազրույցի և կոգնիտիվ վարքային թերապիայի առանձնահատկությունները։ Տեսական քննարկումներն ուղեկցվելու են գործնական աշխատանքներով և ամփոփվելու են սիմուլյացիոն վարժություններով։