Քրեակատարողական հիմնարկներում անցկացվել են մարզական միջոցառումներ
ապրիլի 10, 2025
ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում սոցիալական, հոգեբանական և իրավական բաժինների կողմից կազմակերպվել են տարաբնույթ մարզական միջոցառումներ։
«Գորիս» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձինք իրենց ուժերը չափել են ձգում պտտաձողի վրա վարժությամբ։
«Գորիս» քրեակատարողական հիմնարկի մրցաշարին մասնակցած 40 ազատազրկված անձանց շրջանում հաղթող է ճանաչվել Կարեն Հարությունյանը, որը կատարել է 28 ձգում։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են 20 ձգում կատարած Արա Տիգրանյանը և 19 ձգում կատարած Դավիթ Մանասյանը։
«Սևան» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց ֆիզիկական ունակությունների զարգացման նպատակով կազմակերպված միջոցառմանը մասնակցել է 44 դատապարտյալ՝ հիմնարկում գործող դատապարտյալների մարզական ինքնագործ միավորման անդամները։
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց շրջանում անցկացվել է շաշկու ներհիմնարկային առաջնություն։ Արդյունքում մրցանակային առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են Արմեն Օհանյանը, Արթուր Հարությունյանը և Զոհրաբ Բարսեղյանը։
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր սեղանի թենիսի մրցաշար հիմնարկում պահվող օտարերկրյա ազատազրկված անձանց համար։ Համառ պայքարում առաջին և երրորդ մրցանակային տեղերը զբաղեցրել են Մահդի Գ․-ն և Ամիրհոսսեին Գ․-ն Իրանի Իսլամական Հանրապետությունից, իսկ երկրորդ տեղը՝ Դինս Ջ․-ն Հնդկաստանի Հանրապետությունից։