Մշակութային

Քրեակատարողական հիմնարկներում անցկացվել են մշակութային և կրթական միջոցառումներ․ Վանաձոր քաղաքի պատմությունից մինչև Իսահակյանի կյանքը

հոկտեմբերի 14, 2025

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների կողմից շարունակաբար իրականացվում են միջոցառումներ՝ ուղղված ազատազրկված անձանց՝ երկրի մշակութային, կրթական և հասարակական կյանքի հետ կապի պահպանմանը։

Վանաձոր քաղաքի օրվա առթիվ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր «Մի քաղաքի պատմություն» խորագիրը կրող մշակութային միջոցառում։ Հյուրերի թվում էին Վանաձորի համայնքապետի խորհրդական, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դասախոս, պատմաբան Արման Բերնեցյանը և համայնքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Էրիկ Կոստանյանը։ Նրանք ազատազրկված անձանց ներկայացրել են Վանաձոր քաղաքի պատմությունը՝ Ղարաքիլիսայից մինչև մեր օրերը, կարևորագույն պատմական իրադարձություններն ու նշանակալի զարգացումները։

Միջոցառման ընթացքում ազատազրկված անձինք հարցեր են ուղղել համայնքի կյանքի, ծրագրերի և զարգացման տեսլականի վերաբերյալ։

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է նաև «Տղամարդկանց և կանանց հավասարության գիտակցման նպաստում» թեմայով սեմինար, որը կազմակերպվել է Քրեակատարողական ծառայության, ««Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն» ՀԿ-ի և ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցչուհի Ն. Ոսկանյանի համագործակցությամբ։

«Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հետ համատեղ ցուցադրվել է հայ մեծանուն բանաստեղծին նվիրված «Վարպետը Ավետիք Իսահակյան» կենսագրական ֆիլմը, իսկ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում ցուցադրվել է խորհրդային կինոյի ամենասիրելի կատակերգություններից մեկը՝ «Միմինո» գեղարվեստական ֆիլմը։