Պաշտոնական

Քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

ապրիլի 25, 2025

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը «Իրավական կրթությայն և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչ Ռ. Եղյանի հետ համատեղ ազատազրկված անձանց համար իրականացրել են բաց դաս՝ նվիրված Մեծ Եղեռնին, իսկ ապրիլի 25-ին ուսուցչուհի Ն. Ոսկանյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված «Տղան զոլավոր գիշերազգեստով» ֆիլմին: Քննարկումների ավարտին դիտել են ֆիլմը:

Ապրիլի 24-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը և ազատազրկված անձինք ծաղիկներ են խոնարհել հիմնարկի բնակելի գոտում գտնվող, 1915թ. անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ և ոգեկոչման խնկարկում կատարել:

«Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ «Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ» հիմնադրամի կողմից տրամադրված տեսանյութը։ Ավարտին ազատազրկված անձիք վերլուծել են տեսանյութում արձանագրված պատմավավերագրական նյութերը:

ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի Սուրբ Գրիգոր Լուսավորչի մատուռի բակում հոգևոր հովիվ Տեր Առնակ քահանա Հարությունյանը հոգեհանգստյան պատարագ է մատուցել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին: Այնուհետև, հիմնարկի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալների հետ այցելել են նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի տարածքում գտնվող Սուրբ Հարություն եկեղեցի, աղոթք արել և ոգեկոչման խնկարումից հետո խոսել օրվա խորհրդի մասին:

«Սևան» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտում գտնվող եկեղեցում Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանը կատարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն և հոգեհանգստյան պատարագ։ Մոմավառությունից և խնկարկումից հետո հիմնարկի մշակութային ինքնագործ միավորման ղեկավար, դատապարտյալ Արտակ Ալեքյանն անդրադարձել է օրվա խորհրդին՝ Մեծ Եղեռնին, ինչից հետո ազատազրկված անձինք դիտել են «Արտույտների ագարակը» ֆիլմը։

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում մեկնարկել է տերունական աղոթքով: Այնուհետև կին դատապարտյալներն ասմունքել են և ներկայացրել իրենց կողմից բեմադրված «Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը» ներկայացումը: Ներկա են եղել հիմնարկի վարչակազմը և Տեր Արսեն քահանա Համբարձումյանը: