Կրթական

Քրեակատարողական հիմնարկներում վերասոցիալականացման արդյունավետության բարձրացման նպատակով կազմակերպվել են տարբեր բնույթի միջոցառումներ

սեպտեմբերի 30, 2024

Ազատազրկված անձանց ազատ ժամանակն օգտավետ անցկացնելու և վերասոցիալականացման արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի ու հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների համատեղ ջանքերով կազմակերպվել են կրթական տարբեր միջոցառումներ:

Մասնավորապես՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՊՈԱԿ-ի ուսուցիչ Լ. Հարությունյանը անցկացրել է բաց դաս՝ «Ռուսաց լեզու» առարկայից՝ «Создатели славянского алфавита. Правописание безударных гласных. Правописание согласных. Синонимы и антонимы» թեմայով: Դասի ընթացքում մասնակիցները ցուցաբերել են բարձր ակտիվություն և ոգևորվածություն. ընթերցել են ռուս դասականների գործերից, կատարել թարգմանություններ, մասնակցել են վիկտորինայի՝ ակտիվ պատասխանելով բոլոր հարցերին: Իսկ ավարտին շնորհակալություն են հայտնել կազմակերպիչներին՝ հույս հայտնելով, որ նման միջոցառումները կլինեն շարունակական և ավելի հաճախակի:

«Սևան» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում՝ «Կայքերի ազդեցությունը մարդու ներաշխարհի վրա» թեմայով: Մասնակիցները դիտել են տեսանյութեր տարբեր կայքերի և դրանց առաջացրած հետևանքների մասին: Դասախոսությամբ հանդես է եկել ՊՈԱԿ-ի ուսուցիչ Մ. Թևանյանը, որը կարևորել է յուրաքանչյուրի մեդիագրագետ լինելը՝ խնդիրներից խուսափելու համար: Վերջում տեղի է ունեցել ակտիվ քննարկում առողջ մթնոլորտում:

ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում ՊՈԱԿ-ի ուսուցիչ Ա. Սարգսյանի և հիմնարկի ՍՀԻԱ բաժնի հետ համատեղ կազմակերպվել էր մեկ այլ միջոցառում՝ «Հայոց ազգային-պետական խորհրդանիշները» խորագրով, որի ընթացքում Ա. Սարգսյանը հանդես է եկել բացման խոսքով, այնուհետ մեկ րոպե լռությամբ հարգել են նահատակված բոլոր հայորդիների վառ հիշատակը: Մասնակից ազատազրկված անձանց ներկայացրել են  ազգային-պետական խորհրդանիշները, որոնց վերաբերյալ ցուցադրվել են նաև տեսանյութեր: Օրվա թեմային համահունչ՝ իր գրած հայրենասիրական բանաստեղծություններն է ընթերցել դատապարտյալ Գոռ Խաչայանը: Միջոցառումն ամփոփվել է վիկտորինայով, հարցերին ճիշտ պատասխանողները ստացել են ՀՀ խորհրդանիշների նկարներով գրիչներ, իսկ ամենաբարդ հարցին ճիշտ պատասխանող մասնակիցը արժանացել է գլխավոր մրցանակի՝ Երևան մայրաքաղաքի պատկերով փազլ: