Քրեակատարողական հինարկներում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ապրիլի 26, 2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի տեղի է ունեցել ծաղիկների խոնարհման արարողություն և մոմավառություն, կազմակերպվել են նաև հոգևոր միջոցառումներ։
Մասնավորապես ՀՀ ԱՆ «Վանաձոր» և «Արթիկ» ՔԿՀ-ների աշխատակիցները և ազատազրկված անձինք հիմնարկների հոգևոր անկյուններում հարգել են Եղեռնի նահատակներին ծաղկեդրմամբ, «Աբովյան» ՔԿՀ-ում հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը կազմակերպել է զոհերի հիշատակը ոգեկոչող միջոցառում, որի մասնակից ազատազրկված կանայք հանդես են եկել ասմունքով, օրվա տրամադրությանը համահունչ հոգևոր երգերով և Ցեղասպանությանը վերաբերող պատմական ակնարկներով։
ՀՀ ԱՆ «Արմավիր», «Կոշ», «Նուբարաշեն» և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ներում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել էին Հայոց պատմության՝ 20-րդ դարի ամենաողբերգական էջին՝ Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ։ «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացվել էր նաև «Ինչու ցեղասպանություն» թեմայով վավերագրական ֆիլմի ցուցադրում և քննարկում։ Միջոցառմանն ընթերցվել են հատվածներ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից։ Այնուհետև ՀՀ ԱՆ ՔԿՀ-ների հոգևոր առաջնորդ Ռուբեն վարդապետ Զարգարյանը ներկաների հետ միասին Տերունական աղոթքով հարգել է զոհերի հիշատակը, որից հետո բանախոսությամբ անդրադարձել է ցեղասպանություն եզրույթին, դրա նշանակությանն ու հիմնապատճառներին՝ կարևորելով ժխտողականությունը ցեղասպանությունների հանդեպ՝ անկախ ազգային և կրոնական պատկանելիությունից։