Օրենքի լրումը սերն է․ «Արդարություն և օրինականություն» թեմայի շրջանակներում հանդիպում՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում
հոկտեմբերի 27, 2025
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների հոգևոր առաջնորդ հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանդիպում է ունեցել ազատազրկված անձանց հետ։
Հանդիպումը բացվել է Տերունական աղոթքով, որից հետո Հայր սուրբը «Արդարություն և օրինականություն» թեմայի շրջանակներում հանդես է եկել բանախոսությամբ։ Հընթացս հոգևոր, սոցիալ-հոգեբանական և եկեղեցական իրավունքի տեսակետից քննության առարկա են դարձել արդարության մասին աստվածային լայնախորհուրդ հռչակումներն ու մարդկային բազմաճյուղ ըմբռնումները։
Հանդիպումն անցել է ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում՝ մերթընդմեթ ընդմիջարկվելով զրույցով և հարց ու պատասխանով։ Ուշադրության առարկա են դարձել թեմայի շուրջ Ընդհանրական եկեղեցու հայրերի մեկնաբանությունները, Հին և Նոր Կտակարանում տեղ գտած աստվածաշնչային զանազան տեղիները (համարները) ու պատմությունները` ազատ կամքի, արդարության և արդարադատության ճշմարտության և օրինականության, ինչպես նաև այսօրինակ այլ հարցերի շրջագծում։ Դատապարտյալները հնարավորություն են ունեցել արտահայտելու իրենց հուզող հարցերը՝ ստանալով ճշգրիտ և հոգեշահ բացատրություններ ու բացահայտումներ։