IRZ-ը կազմակերպել է վերապատրաստման դասընթացներ քրեակատարողական համակարգի հոգեբանների և սոցիալական աշխատողների համար
մայիսի 04, 2023
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանումների աշխատակիցների համար 2023 թվականի մայիսի 4-ից մեկնարկել են վերապատրաստման եռօրյա դասընթացներ, որոնք կազմակերպվել են Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից:
Այսօր դասընթացի մեկնարկին ներկա են եղել Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Թադևոս Նալբանդյանը, IRZ-ի Հայաստանյան ծրագրերի մենեջեր Ամալիա Վուքերթը, IRZ-ի փորձագետներ Թոմաս Մյուլլերը, Բեթինա Շիլլինգը, Հայկո Օբերլեն, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ձոնիկ Մարգարյանը, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանն ու ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Թադևոս Նալբանդյանը նախ՝ շնորհակալություն է հայտնել IRZ-ի ներկայացուցիչներին վերապատրաստման դասընթացների կազմակերպման համար, ապա՝ նշել գերմանական հիմնադրամի մեծ ներդրումն ու աջակցությունը Հայաստանի քրեակատարողական համակարգի բարելավման գործում:
Եռօրյա դասընթացներին ուսումնասիրվելու են հանցագործություն կատարած անձանց վարքի հետագա կանխատեսմանն ուղղված միջոցառումները, սեռական բնույթի և բռնության գործադրմամբ հանցագործություն կատարած անձանց համար հոգեբանական աշխատանքները, մասնագիտական ծառայությունների կարևորությունը, ինչպես նաև պայմանական վաղաժամկետ ազատման չափանիշներն ու այլ թեմաներ:
Ավելի վաղ՝ մայիսի 2-ից 3-ը, գերմանական հիմնադրամի փորձագետները ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում անցկացրել էին սեմինար, որը 2022 թվականի նոյեմբերին կայացած սեմինարի շարունակությունն էր:
Երկօրյա սեմինարին մասնակցել են հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Մանուկ Պողոսյանը, պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արծրուն Պետրոսյանը և անձնակազմի այլ անդամներ: Սեմինարին քննարկվել են դատապարտյալների հետ տարվող վերասոցիալականացման բազմաբնույթ աշխատանքներին առնչվող հարցեր:
Համագործակցությունը գերմանական հիմնարդրամի հետ կրում է շարունակական բնույթ: