«Աբովյան», «Արթիկ», «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում անցկացվել է միաժամանակյա առցանց այցելություն Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
դեկտեմբերի 09, 2024
Ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացմանը, ազատ ժամանակի արդյունավետ անցկացմանը և կրթամշակութային կյանքին հաղորդակից լինելուն ուղղված ծրագրերի շրջանակներում «Աբովյան», «Արթիկ», «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել է միաժամանակյա առցանց այցելություն Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։
Ազատազրկված անձինք թանգարանի ավագ գիտաշխատող Աննա Սարոյանի ուղեկցությամբ առցանց «շրջայց» են կատարել Ավետիք Իսահակյանի աշխատասենյակում, հյուրասենյակում, ննջարանում, որտեղ ցուցադրված են հայ մեծ բանաստեղծի անձնական իրերը, գրադարանը, գրասեղանը և Վարպետի կյանքը բնորոշող այլ իրեր։ Ազատազրկված անձանց ցուցադրվել են նաև Իսահակյանի ձեռագրերը, լուսանկարները, ինչպես նաև այն արձանիկները և գեղանկարները, որոնք բանաստեղծին նվիրել են գրչակից ընկերները, մեծանուն նկարիչներն ու արվեստագետները։
Շրջայցից անմիջապես հետո ազատազրկված անձանց ցուցադրվել է Իսահակյանի կնոջ՝ Սոֆյայի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ։