«Աբովյան» ՔԿՀ-ի սպորտային և մշակութային առօրյան
սեպտեմբերի 27, 2021
Ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում սեպտեմբերի 25-ին հերթական լուսավորչական և սպորտային միջոցառումներ էին կազմակերպվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։ Միջոցառման աշխատանքներն իրականացվել էին սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցների նախաձեռնությամբ և հիմնարկում գործող «Ինքնագործ մշակութային միավորում» խմբի անդամ կին դատապարտյալների օժանդակությամբ ու անմիջական մասնակցությամբ։
Նախ կազմակերպվել էին սեղանի թենիսի մրցույթ մասնակից կին դատապարտյալների միջև, այնուհետև՝ դարթսի (տեգախաղ) մրցույթ։ Հաղթողներին շնորհել են պատվոգրեր։
Խաղերից հետո անազատության մեջ գտնվող կանանց համար ցուցադրվել է Արմեն Տիգրանյանի համանուն օպերայի հիման վրա 1983 թվականին էկրանավորված «Անուշ» ֆիլմ-օպերան, որտեղ գլխավոր հերոսուհու՝ Անուշի դերերգը կատարում է հայ օպերայի մեծանուն վարպետ Գոհար Գասպարյանը։ Ֆիլմի ավարտից հետո ազատազրկված կանանցից մեկը ներկայացրել է Գ․ Գասպարյանի կյանքն ու գործունեությունը։