Մշակութային

«Աբովյան» ՔԿՀ-ում նշել են Հայաստանի անկախության 30-ամյակը

սեպտեմբերի 22, 2021

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը հիմնարկում գործող «Ինքնագործ մշակութային միավորում» խմբի անդամ կին դատապարտյալների օժանդակությամբ և անմիջական մասնակցությամբ կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հարապետության անկախության 30-ամյակին, որին ներկա է եղել նաև հիմնարկի վարչակազմը։

Մինչ միջոցառման բուն մեկնարկը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների անմահ հիշատակը։ Այնուհետ միջոցառման մասնակից կին դատապարտյալները պատմական ակնարկով ներկայացրել են Հայաստանի անկախացման ճանապարհը՝ սկսած 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեից, երբ հայ ժողովուրդը քվեարկել է ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։ Կին դատապարտյալները հանդես են եկել նաև օրվան նվիրված հերոսական երգերով և ասմունքել տարբեր հեղինակների հայրենասիրական ստեղծագործություններից։

Միջոցառման ավարտին «Աբովյան» ՔԿՀ-ի պետ, արդարադատության գնդապետ Արմեն Մարտիրոսյանը, շնորհավորելով ներկաներին և քաջալերելով նրանց հայրենասիրական եռանդը, շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ հիշարժան միջոցառման, կատարված աշխատանքի, ինչպես նաև հայրենանվեր տրամադություն ստեղծելու համար։