Ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպում` քրեակատարողական հիմնարկներում
մարտի 18, 2026
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են տարաբնույթ միջոցառումները՝ ուղղված ազատազրկված անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպմանը, ֆիզիկական ակտիվության ապահովմանն ու պահպանմանը։
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է սեղանի թենիսի ներհիմնարկային մրցաշար, որի ընթացքում ազատազրկված կանայք, մրցելով միմյանց հետ, հնարավորություն են ստացել զարգացնելու իրենց ֆիզիկական կարողությունները, ինչպես նաև կենտրոնանալու և արագ արձագանքելու հմտությունները։
«Սևան» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է շաշկու ներհիմնարկային առաջնություն, որի շրջանակներում ազատազրկված անձինք խաղատախտակի առջև ցուցադրել են իրենց տրամաբանական և ռազմավարական մտածողությունը։
«Գորիս» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց համար կազմակերպվել է կինոդիտում, որի ընթացքում ցուցադրվել է ռեժիսոր Էդմոն Քեոսայանի «Տղամարդիկ» ֆիլմը՝ ապահովելով մասնակիցների մշակութային ժամանցը։
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ևս կազմակերպվել է ֆիլմի ցուցադրություն․ օտարերկրյա ազատազրկված անձինք դիտել են ուսուցողական ֆիլմ։ Ավարտին հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի մասնգետների հետ անցկացվել է քննարկում ֆիլմում արտացոլված գաղափարների և հիմնական ուղերձների շուրջ։