Ազատազրկված անձանց շախմատի միջհիմնարկային առաջնություն․ նոր հաջողությունների սկիզբ
փետրվարի 20, 2026
Քրեակատարողական ծառայության և Հայաստանի շախմատի ակադեմիայի երկարատև համագործակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր միջհիմնարկային շախմատի առաջնություն, որին մասնակցել են ազատազրկված անձինք «Արթիկ», «Արմավիր», «Սևան», «Նուբարաշեն», «Վանաձոր» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներից։
Միջոցառմանը ներկա են եղել Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը, Շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը, Ծառայության կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ։
Խաղն անցկացրել է Ակադեմիայի մրցավար Վահե Պողոսյանը։
Խաղի արդյունքներով լավագույն մասնակիցներից կազմվելու է Հայաստանի դատապարտյալների շախմատի հավաքականը, որը ներկայացնելու է երկիրը դատապարտյալների շախմատի միջազգային մրցաշարերին։
Հավելենք, որ Հայաստանի դատապարտյալների շախմատի հավաքականը նախորդ տարվա ընթացքում գրանցել է մի շարք հաջողություններ՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը ազատազրկված անձանց շախմատի միջմայրցամաքային առցանց առաջնությունում և 5-րդ հորիզոնականը՝ աշխարհի առցանց առաջնությունում։