Մշակութային

Ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումներ՝ քրեակատարողական հիմնարկներում

փետրվարի 26, 2025

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների կողմից շարունակվում է ազատազրկված անձանց վերասոցիալականացմանը, միջանձնային դրական հարաբերությունների ստեղծմանն ու կայունացմանը, ինչպես նաև նրանց ազատ ժամանակի օգտավետ անցկացմանն ուղղված տարաբնույթ միջոցառումների կազմակերպումը։

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկը, համագործակցելով Ստեփան Զորյանի տուն-թանգարանի հետ՝ ի դեմս տնօրեն Լիլիթ Չոբանյանի, կազմակերպել էր մշակութային միջոցառում՝ նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան և Գիրք նվիրելու օրվան։ Թանգարանի փոխտնօրեն, ասմունքող Ջիվան Սարգսյանը և էքսկուրսավար բանաստեղծուհի Լենա Անթառանյանը հանդես են եկել ասմունքով և օրվա խորհդին վերաբերող ելույթներով։ Հյուրերը նաև գրքեր են նվիրել հիմնարկի գրադարանին և թանգարանի ղեկավարության անունից պատրաստակամություն հայտնել հիմնարկի գրադարանը համալրելու Ստեփան Զորյանի աշխատություններով: Միջոցառմանն իր հեղինակած բանաստեղծություններն է ներկայացրել նաև դատապարտյալ Շահեն Քոչարյանը։

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց համար անցկացվել է ևս մեկ միջոցառում․ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի պատմության ուսուցիչ Ռոբերտ Եղյանի հետ համատեղ իրականացվել է «Զորավոր Զորավար Անդրանիկ» խորագիրը կրող ցերեկույթ՝ նվիրված Մեծն զորավարի 160-ամյակին։ Ռոբերտ Եղյանն ազատազրկված անձանց ներկայացրել է հերոսի կյանքի ուղին, ինչպես նաև ցուցադրվել է նրա մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ։  

Տրամադրությունը մշակութային է եղել նաև «Գորիս» քրեակատարողական հիմնարկում․ Գորիսի մշակութային կենտրոնի հետ համատեղ ազատազրկված անձանց ցուցադրվել է «Գարեգին Նժդեհ» ֆիլմը։ 

Իսկ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում մթնոլորտը եղել է սպորտային. անցկացվել են շաշկու, շախմատի և դոմինոյի երկօրյա առաջնություններ: Ազատազրկված կանանք և անչափահասներն իրենց ուժերը փորձել են միայն շաշկու առաջնությունում: