Մշակութային

Ազատազրկված անձինք առցանց այցելություն են ունեցել Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված նորաբաց ցուցահանդեսին

նոյեմբերի 19, 2025

2025 թվականին Հայաստանում նշվում է հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը։ Հոբելյանական միջոցառումների շրջանակներում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բացվել է «Վարպետաց վարպետների հանդիպումը» խորագրով յուրահատուկ ցուցահանդես, որը նվիրված է երկու հանճարների՝ Ավետիք Իսահակյանի և Մարտիրոս Սարյանի ստեղծագործական ժառանգությանը։

Այս մշակութային նշանակալի իրադարձությանն առցանց ձևաչափով մասնակցելու հնարավորություն է տրվել նաև բոլոր քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձանց։

Մարտիրոս Սարյանի թոռնուհին՝ բանասեր, արվեստաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Ռուզան Սարյանը, ազատազրկված անձանց ներկայացրել է գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, Սարյանների և Իսահակյանների ընտանիքների անձնական հավաքածուներում պահվող բացառիկ գործեր, արխիվային լուսանկարներ և գրքեր։ Ներկայացվել են նաև Ավետիք Իսահակյանի՝ Մարտիրոս Սարյանին ուղղված ուշագրավ նամակները։ Ռուզան Սարյանն ազատազրկված անձանց պատմել է երկու մեծ վարպետներին միավորող կենսագրական և ստեղծագործական զուգահեռների, նրանց ջերմ շփումների ու փոխհարաբերությունների մասին։

Այս խորհրդանշական այցելությունն անցել է հետաքրքիր և բովանդակալից, ինչպես նաև առիթ է ընձեռել ազատազրկված անձանց՝ զգալու երկրի մշակութային զարկերակը։