Պաշտոնական

Ազատազրկված անձինք արժանացան «Հայացք ներսից» լրագրողական հատուկ մրցանակի

դեկտեմբերի 25, 2019

«Հանրային լրագրության ակումբ» և «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունները համատեղ իրականացրել էին «Հանրային հայացք փակ աշխարհին. մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագիրը, որի հիմնական նպատակն էր իրազեկել հանրությանը փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի բարելավման, ինչպես նաև առկա խնդիրների և հնարավոր լուծումների մասին: 

Ծրագրի շրջանակներում սույն թվականի փետրվարից հայտարարվել էր լրագրողական աշխատանքների մրցույթ, որի հիմնական թեման Հայաստանի Հանրապետության փակ կառույցներում, հատուկ խնամքի հաստատություններում, հոգեկան առողջության կենտրոններում և հատուկ դպրոցներում մարդու իրավունքների իրավիճակի, խոշտանգումներից և արժանապատվությունը նվաստացնող կամ պատժից զերծ մնալու բացարձակ իրավունքի իրացման վիճակների լուսաբանումն էր:

Մրցույթին մեծ, անկողմնակալ ոգևորվածությամբ և աչքի ընկնող գրագիտությամբ մասնակցել էին նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող անձինք: Նրանց աշխատանքներն ուղղված էին առավելապես ՔԿՀ-ներում առկա այն խնդիրներին, որոնց բախվել են տարիների ընթացքում, և որոնք հնարավորություն ունեն ստանալու իրենց լուծումները: Եվ այս մրցույթը յուրովի հնարավորություն էր նաև համակարգում առկա խնդիրների բարձրաձայնումով խթանել համակարգային փոփոխությունները:

Այս ամենի մասին լրագրողական ժանրում ստեղծագործող նախկին և ներկա ազատազրկված անձանց համար իրավապաշտպաններից և լրագրողներից կազմված ժյուրիի կողմից սահմանվել էր հատուկ անվանակարգ՝ «Հայացք ներսից», որին արժանացել էր չորս դատապարտյալ տարբեր հիմնարկներից՝ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հովհաննես Բաբայանը՝ իր «Անվերնագիր» նյութի համար, ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի նախկին ազատազրկված անձ Սոնա Մալումյանը՝ «Ով է իրավասու դատապարտելու» նյութի համար, և ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալներ Զաքար Զոհրաբյանը՝ «Մարդու իրավունքներ: Ներքին աշխարհ: Ներքին պայմաններ» և Մհեր Ենոքյանը «Բանտի հոգեբույժին պետք է բարձր պարգևի ներկայացնել» նյութերի համար: Վերջիններս արժանացել էին նաև անվանական այլ մրցանակների և դրամական պարգևների:

Իսկ մրցույթին մասնակցած մնացած բոլոր ազատազրկված անձինք ժյուրիի կողմից արժանացել էին խրախուսական շնորհակալագրերի: