Մարզական

Ազատազրկված անձինք պատրաստվում են 2023 թվականին կայանալիք շախմատի աշխարհի առաջնությանը

մարտի 27, 2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Հայաստանի շախմատի ակադեմիայի միջև ձևավորված համագործակցության շրջանակներում 2023 թվականին ևս նախատեսվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների հավաքականի մասնակցությունը դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնությանը:

Հավաքականի ձևավորման նպատակով «Վանաձոր», «Սևան», «Արթիկ», «Վարդաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների կողմից դատապարտյալների շրջանում կազմակերպվել են ներհիմնարկային շախմատի մրցաշարեր: 

Ներհիմնարկային մրցաշարերում լավագույնս հանդես եկած դատապարտյալները կմասնակցեն նաև միջհիմնարկային մրցաշարերին, որոնց արդյունքում ձևավորված դատապարտյալների հավաքականի անդամների հետ մի քանի ամիս առցանց մարզումներ և խորացված ուսուցում կանցկացնեն Ակադեմիայի լավագույն գրոսմայստերները: