Ազատազրկված կանանց մասնակցությամբ տոնական միջոցառում
մարտի 10, 2020
Կանանց տոնի միամսյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի աշխատակիցների նախաձեռնությամբ և դատապարտյալների անմիջական մասնակցությամբ կազմակերպվել էր տոնական միջոցառում:
Կին դատապարտյալները հանդես են եկել ասմունքով, գեղեցիկ երաժշտական կատարումներով, շնորհավորական խոսքերով՝ ապահովելով օրվա ոչ միայն տոնական տրամադրությունը, այլև անկեղծ և ջերմագին մթնոլորտը:
Գարնանային բարձր տրամադրությունն ամբողջականացվել է քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների և կալանավորված անձանց համար նախատեսված սնունդն ապահովող «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի կողմից պատրաստված տոնական ուտեստներով: Վերոնշյալ կազմակերպությունն ազատազրկված անձանց նվիրել է նաև ծաղիկներ որպես տոնի, կնոջ և գարնան խորհրդանիշ:
Տոնական օրն ամփոփվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի շնորհավորական ջերմ խոսքերով: