Մշակութային

Ազատազրկված կանանց մարտի 8-ը արվեստագետի ընկերակցությամբ

մարտի 10, 2021

Դերասանուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ջուլիետա Ստեփանյանը կանանց տոնի կապակցությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի նախաձեռնությամբ  հյուրընկալվել էր «Աբովյան» ՔԿՀ՝ հանդիպելու ազատազրկված կանանց։ Հանդիպումն անցել է ջերմ և անկեղծ զրույցի մթնոլորտում։ Դերասանուհին պատմել է իր մանկությունից, անցած ուղուց, կյանքի հետաքրքիր և դժվար դրվագներից, անկեղծորեն արձագանքել կին դատապարտյալների հարցերին և կարծիքներին։ Քաջալերելով ունկնդիրներին՝ դերասանուհին խորհուրդ է տվել լինել ուժեղ, համբերատար և հանդուրժող, միայն այդ ճանապարհով, ըստ Ջ․ Ստեփանյանի, հնարավոր է դիմակայել և հաղթահարել ճակատագրի դժվարությունները։

Հանդիպման ավարտին դերասանուհին ծանոթացել է նաև ազատազրկված կանանց և անչափահաս կալանավորված անձանց ստեղծագործական աշխատանքներին, և որպես հարգանքի ու երախտիքի նշան՝ դերասանուհուն են նվիրել այդ յուրատիպ աշխատանքներից։