Պաշտոնական

Ազատությունից զրկված անձանց իրավունքների, վերասոցիալականացման, հոգեկան առողջության և այլ խնդիրների վերաբերյալ իրազեկման միջոցառում՝ «Աբովյան» ՔԿՀ-ում

հոկտեմբերի 09, 2023

Հոգեկան առողջության համաշխարհային օրվան ընդառաջ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Եվրոպայի խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել էր իրազեկման միջոցառում՝ «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում։ Ներկա են եղել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Արտակ Առուստամյանը, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը, Արդարադատության և Առողջապահության նախարարությունների, «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար կազմը, խորհդի ազգային փորձագետ Դավիթ Գևորգյանը, «Աբովյան» ՔԿՀ-ի վարչական անձնակազմը և այլ հյուրեր։

Հանդիպմանը ներկայացվել է այն հսկայածավալ աշխատանքը, որն իրականացվել  և դեռ իրականացվելու է վերականգնողական ծրագրերի, այդ թվում նաև՝ հոգեկան առողջության ոլորտում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության,  Առողջապահության նախարարության, «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համատեղ ջանքերով։ Համագործակցությունը և Խորհրդի կողմից աջակցությունը կրելու են շարունակական բնույթ, մասնավորապես՝ ազատությունից զրկված անձանց իրավունքները պահպանելուն, նրանց անվտանգության ապահովմանը, վերասոցիալականացմանը, և, առհասարակ, ոլորտի բարեփոխումներին ուղղված ծրագրերի շրջանակներում, իր խոսքում ընդգծել է ԵԽ-ի երևանյան խորհրդի ղեկավարի տեղակալ  Մաքսիմ Լոնգանգեն։

Միջոցառման ընթացքում ազատությունից զրկված կանանց համար կազմակերպվել է դասընթաց, որի ժամանակ դասընթացը վարող, քրեական արդարադատության ոլորտի փորձագետ Արշակ Գասպարյանը ներկայացրել է այն հնարավոր հոգեկան խնդիրները, որոնք կարող են առաջանալ անազատության մեջ գտնվելու ընթացքում՝ կին դատապարտյալների հետ ակտիվ երկխոսության միջոցով քննարկելով այդ խնդիրներին վերաբերելի բազմաբնույթ հարցերը և մատնանշելով դրանց լուծման կամ առաջացումը կանխարգելելու ուղիները։ 

Միջոցառմանը տեղի է ունեցել նաև ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում աշխատող հոգեբանների և հոգեբույժների մասնագիտական գիտելիքների և հմտությունների վերաբերյալ փորձագետներ Դավիթ Գևորգյանի և Օլիվերա Վուլիչի հեղինակած վերապատրաստման ձեռնարկի շնորհանդեսը։