Կրթական

Ազգային գրադարանի և Պարույր Սևակի անվան տուն-թանգարանի կողմից «Սևան» քրեակատարողական հիմնարկին է նվիրաբերվել 120 միավոր գիրք

հուլիսի 29, 2024

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ, Ծառայության ստորաբաժանումների ներկայացուցիչների ուղեկցությամբ կազմակերպվել էր այց ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Այցի հիմնական նպատակն էր ներկա լինել «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և Հայաստանի ազգային գրադարանի համագործակցության շրջանակներում հիմնարկում կազմակերպվելիք միջոցառմանը, որի հյուրերն էին Ազգային գրադարանի տնօրենի խորհրդական Ներսես Հայրապետյանը և Գրքափոխանակության բաժնի վարիչ Մայա Հայրապետյանը: 

Հիմնարկի գրադարանում շրջայց կատարելուց և այնտեղի գրքերի ցանկին ծանոթանալուց հետո հյուրերը Ազգային գրադարանի անունից հիմնարկի գրադարանին նվիրաբերել են 70 միավոր գիրք, ևս 50 միավոր գիրք նվիրել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանի անունից: Նվիրաբերված գրքերի շարքում մեծ տեղ են գրավել գեղարվեստական, պատմագիտական, ազգային-ազատագրական բովանդակությամբ գրքերը:

Այնուհետ հանդիպում է կազմակերպվել հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալների հետ, որոնց ներկայացվել են Ազգային գրադարանի կայքը, ռեսուրսները, շտեմարանները և, առհասարակ, Ազգային գրադարանի դերն ու նշանակությունը հայ ընթերցողի կյանքում: 

Ազատազրկված անձանց հետ երկխոսության ընթացքում վերջիններս ցանկություն են հայտնել հիմնարկի գրադարանը համալրված տեսնել նաև ժամանակակից հեղինակների ստեղծագործություններով: Ազգային գրադարանի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ համագործակցության շրջանակներում կստեղծվի հնարավորություն՝ նվիրաբերելու հայ և արտասահմանյան նոր ու բազմաժանր գրքեր: