Ալեքսանդր Սպենդիարյանին նվիրված կրթամշակութային միջոցառում՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
հոկտեմբերի 08, 2025
Քրեակատարողական ծառայության և Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի համագործակցության շրջանակում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր կրթամշակութային միջոցառում՝ նվիրված հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակին։
Թանգարանի ավագ գիտաշխատող Ինեսսա Խաչատրյանն ազատությունից զրկված կանանց ներկայացրել է կոմպոզիտորի կյանքի և գործունեության կարևորագույն էջերը՝ բացահայտելով նրա անհատականության և ստեղծագործական ճանապարհի անծանոթ կողմերը։ Ինեսսա Խաչատրյանը պատմել է նաև Սպենդիարյանի դստեր՝ Մարինա Սպենդիարովայի մասին, ներկայացրել Սպենդիարյանի ժամանակակիցների հուշերն ու պատմությունները՝ լցված մեծ կոմպոզիտորի հանդեպ սիրով և հարգանքով։
Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել լսելու Սպենդիարյանի ստեղծագործություններից և դիտելու նրա երաժշտությամբ բեմադրված պարային կատարումներ։ Հատուկ ուշադրություն է գրավել կոմպոզիտորի մտահղացմամբ «Երեք արմավենի» ստեղծագործության համար պատրաստված երաժշտական գործիքի՝ «Սպենդիարոֆոնի» կրկնօրինակը, որը բերվել էր հիմնարկ ցուցադրության նպատակով։ Ազատազրկված կանայք ծանոթացել են գործիքի ստեղծման պատմությանը և նրա յուրահատկություններին։