Ամբակում Գրիգորյանը մասնակցել է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2023-2026 թվականների ռազմավարության նախագծի վերաբերյալ քննարկմանը
հունիսի 06, 2023
Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2023-2026 թվականների ռազմավարության նախագծի վերաբերյալ քննարկմանը, որն անցկացվել է գերատեսչությունների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ:
Քրեակատարողական ծառայությունից քննարկմանը ներկա են գտնվել նաև կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը և շտաբի պետ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Սարգսյանը:
Ռազմավարության նպատակներն ու ուղղությունները, ինչպես նաև 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը ներկայացրել է «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, ոլորտի փորձագետ Արշակ Գասպարյանը:
Ըստ ծրագրի՝ ոլորտի շարունակական զարգացումն ապահովելու համար Ռազմավարության հիմնական նպատակներն են լինելու քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի ծառայության ոլորտը կանոնակարգող օրենսդրության բարեփոխումները, քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի ծառայության ենթակառուցվածքների և տարածքների արդիականացումը, քրեակատարողական հիմնարկներում առողջապահության բարելավումը, քրեակատարողական համակարգում վերականգնման և վերասոցիալականացման բարելավումը, համակարգի կառավարման և անվտանգության բարեփոխումները և այլն: