Անազատության մեջ գտնվող կանայք նշել են Համբարձման տոնը
մայիսի 14, 2021
Մայիսի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում էր Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը։ Այն նշվում է Քրիստոսի հարության 40-րդ օրը, երբ նա առաքյալների հետ իր վերջին հանդիպմանը օրհնում և պատգամներ է տալիս նրանց և համբարձվում երկինք։
Տոնը մշտապես ուղեկցվել է ժողովրդական հանդիսություններով և կոչվում է նաև Ջանգյուլում։
Օրվա կապակցությամբ միջոցառում էր կազմակերպվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի, ինչպես նաև հիմնարկում գործող «Ինքնագործ մշակութային միավորում» խմբի անդամ կին դատապարտյալների նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ։
Միջոցառումը սկսվել է «Աբովյան» ՔԿՀ-ի հոգևոր հայր Տեր Արսեն քահանա Համբարձումյանի տերունական աղոթքով, այնուհետ Տեր Արսենը մեկնաբանել է օրվա խորհուրդը, օրհնել ներկաներին և ազատազրկված կանանց ձեռքով պատրաստված, տոնի խորհրդանիշ հանդիսացող ծաղկահյուս պսակները։ Միջոցառմանը գարնանային երանգներ, տոնական և յուրահատուկ բովանդակություն է հաղորդել դատապարտյալ կանանց կողմից ներկայացված, Ջանգյուլումին նվիրված գեղեցիկ բեմադրությունը՝ վիճակահանությունը, որն ուղեկցվել է օրվան բնորոշ երգ ու պարով, ասմունքով։
Տոնակատարության ավարտին կին դատապարտյալները ներկաներին նվիրել են իրենց հյուսած պսակներից, հյուրասիրել քաղցրավենիքով և օրվա՝ ևս մեկ խորհրդանիշ հանդիսացող կաթնապուրով։