Աշխատանքային հանդիպում դիտորդների խմբի հետ
ապրիլի 01, 2022
Այսօր՝ ապրիլի 1-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի, Ծառայության ղեկավար անձնակազմի, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանի և խմբի անդամների մասնակցությամբ:
Հանդիպմանը քննարկվել են խմբի գործունեության ընթացքում հայտնաբերված թերությունները, դրանց լուծման ուղիները և ժամկետները, քրեակատարողական հիմնարկների կարողությունների զարգացման հեռանկարները, այդ համատեքստում կարևորվել են դատապարտյալների զբաղվածության ստեղծման հնարավորությունները, քրեակատարողական ծառայողների բավարար հմտությունների և գիտելիքների ապահովումը: Անդրադարձ է եղել նաև ազատազրկված անձանց վերասոցիալականացման խնդիրներին, մասնավորապես նկատվել է դրական տեղաշարժ քրեակատարողական հիմնարկների կողմից կրթական դասընթացների կազմակերպման և անցկացման գործընթացում:
Սերգեյ Ատոմյանն առանձնահատուկ շեշտադրել է խմբի առաքելությունն ու դերը ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության, նրանց աշխատանքային և կենցաղային պայմանների բարելավման գործում:
Երկուստեք նշվել է Քրեակատարողական ծառայության և խմբի միջև սերտ համագործակցության անհրաժեշտությունը առաջացող խնդիրներն առավել արագ և արդյունավետ լուծելու տեսանկյունից: