Պաշտոնական

Աշխատանքային հանդիպում՝ միջազգային գործընկերների հետ․ ներկայացվել են քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների առաջնահերթությունները և առկա կարիքները

սեպտեմբերի 18, 2025

Սեպտեմբերի 17-ին կայացել է աշխատանքային հանդիպում միջազգային գործընկերների հետ, որի նպատակն էր ներկայացնել քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների առաջնահերթությունները, նախաձեռնությունները և առկա կարիքները, ինչպես նաև ՄԱԿ թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից մշակված «Քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի կառավարման ամրապնդումը վերականգնողական ջանքերի ամբողջական ինտեգրման միջոցով» (SAPPHIRE.RA) նոր ծրագիրը։

Միջոցառմանը մասնակցել են արդարադատության նախարարի տեղակալներ Գևորգ Քոչարյանը և Աննա Կարապետյանը, Քրեակատարողական ծառայության պետի տեղակալներ Սահակ Գրիգորյանը և Վահե Նանուշյանը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, ՄԱԿ-ի, ինչպես նաև Պրոբացիայի ծառայության, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի, պետական և միջազգային այլ կառույցների ներկայացուցիչներ։

Վահե Նանուշյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Քրեակատարողական ծառայությունում իրականացվող բարեփոխումները, նախատեսվող ծրագրերը և կարիքները, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների բարելավում, անվտանգության և պահպանության ապահովման տեխնիկական միջոցների արդիականացում և վերազինում։ Բացի այդ՝ Վահե Նանուշյանը աշխատանքային կարողությունների զարգացման համատեքստում անդրադարձել է սոցիալ-հոգեբանական ծրագրերի ներդրմանը, ինչպես նաև աշխատակիցների նեղ մասնագիտական վերապատրաստման դասընթացներին։

Հանդիպմանը ՄԱԿ թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) ներկայացուցիչը մասնակիցներին ներկայացրել է SAPPHIRE.RA ծրագրի մանրամասները։

Աշխատանքային հանդիպումից հետո մասնակիցներն այցելել են «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներ՝ տեղում ծանոթանալու իրականացված աշխատանքներին և առաջնային կարիքներին։