Պաշտոնական

Աշխատանքային հանդիպում` քրեակատարողական ծառայությունում

փետրվարի 12, 2016

Փետրվարի 11-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոս Մոհամմադ Ֆադավիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` քրեակատարողական ծառայության պետը ներկայացրեց Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտված և կալանավորված անձանց պայմանները: Կողմերն անդրադարձան նաև երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում դատապարտյալների արտահանձման գործընթացին:

ԻԻՀ քրեակատարողական հիմնարկների կազմակերպության կոոպերատիվ հիմնադրամի գործադիր տնօրեն Ռահիմ Մոթահարնեժադն էլ ներկայացրեց հիմնադրամի աշխատանքները` ակնկալելով այդ հարցում երկու երկրների առավել սերտ համագործակցությունը:

Քրեակատարողական վարչության պետ Ա. Օսիկյանը և Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսը իրենց խոսքում կարևորեցին հարևան երկրների ծառայակիցների հանդիպումները փորձի փոխանակման և էլ ավելի արդյունավետ համագործակցության նպատակով:

Հանդիպման ընթացքում պատվիրակությունն անդրադարձավ նաև ԻԻՀ քաղաքացի հանդիսացող դատապարտված և կալանավորված անձանց հուզող մի քանի խնդիրների, ինչին քրեակատարողական վարչության պետ Ա. Օսիկյանի կողմից տեղում տրվեցին հստակ հանձնարարականներ խնդրահարույց հարցերի արագ կարգավորման նպատակով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: