Աշխատանքային հանդիպում` քրեակատարողական ծառայությունում
փետրվարի 01, 2016
Փետրվարի 1-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում աշխատանքային հանդիպում տեղի ունեցավ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի և «IRZ» միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերի ու նույն հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանի միջև:
Հանդիպման սկզբում, ողջունելով հյուրերին, Ա.Օսիկյանը կարևորեց հանդիպման նշանակությունը`շեշտելով միջազգային տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության եզրեր ունենալու հրամայականը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին քրեակատարողական նոր օրենսգրքի մշակման գործընթացում ծառայության ներգրավվածության, փորձագիտական խորհրդատվությունների, առաջավոր փորձի փոխանակման, քրեակատարողական հիմնարկներում սոցիալ-հոգեբանական աշխատանքների զարգացման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, ազատազրկված անձանց կենսապայմանների որակի բարելավման և դրա հետ կապված`հասարակական ընկալման փոփոխության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ օրախնդիր հարցեր:
Այցի ավարտին Թերեզա Թալհամերը գոհունակություն հայտնեց հանդիպման համար և նշեց, որ երբ կա կամք և պատրաստակամություն, շոշափելի արդյունքները երկար սպասեցնել չեն տա:
Վերջում կողմերի միջև համագործակցությունը շարունակական դարձնելու պայմանավորվածություն ձեռք բերվեց: