Պաշտոնական

Աշխատանքային քննարկում՝ ՄԻՊ աշխատակազմի կողմից «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացված մշտադիտարկումների արդյունքների շուրջ

դեկտեմբերի 18, 2025

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի գլխավորությամբ կայացել է հերթական աշխատանքային քննարկումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը քննարկվել են ՄԻՊ աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման կողմից 2025 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացված մշտադիտարկումների ընթացքում արձանագրված խնդիրները։

Քրեակատարողական ծառայությունը ներկայացրել է ներքին քննարկումների արդյունքում արդեն իսկ լուծումներ ստացած հարցերը, ինչպես նաև պարզաբանել մի շարք խնդիրների առաջացման հանգամանքները և լուծման հնարավորությունները։  Միևնույն ժամանակ համատեղ քննարկվել են հիմնարկում իրականացվող որոշ գործընթացների լավարկման առավել արդյունավետ և գործնական ուղիները։

Ծովինար Թադևոսյանը մեկ անգամ ևս ընդգծել է անմիջական և շարունակական քննարկումների կարևորությունը խնդիրների համակողմանի դիտարկման և միասնական լուծումների ձևավորման տեսանկյունից։

Իր հերթին ՄԻՊ աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը պատրաստակամություն է  հայտնել շարունակել արդեն ավանդույթ դարձած անմիջական քննարկումների ձևաչափը խնդիրներին առավել հրատապ և օպտիմալ լուծումներ տալու նպատակով։