ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի III նիստը՝ Հայաստանում
հոկտեմբերի 19, 2018
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Երևանում կայացավ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի III նիստը՝ Ռուսաստանի Դաշնության պատիժների կատարման դաշնային ծառայության տնօրեն Գենադի Կորնիենկոյի նախագահությամբ:
Խորհրդի շրջանակներում Հայաստան էին այցելել Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի Հանրապետությունների քրեակատարողական ծառայությունների պատվիրակությունները:
Պատվիրակությունների ղեկավարներին նախ ընդունեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որը, ողջունելով հյուրերին, կարևորեց քրեակատարողական ծառայությունների փորձի փոխանակման, աշխատակիցների վերապատրաստման, քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող անձանց վերասոցիալականացման, ինչպես նաև այլ ուղղություններով կողմերի համագործակցության ընդլայնումը: Վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպումից հետո կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի III նիստը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմի մասնակցությամբ: Բացման խոսքով հանդես գալով՝ Գ. Կորնիենկոն ողջունեց մասնակիցներին և երախտագիտություն հայտնեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը՝ ընդունելության և աշխատանքային-կազմակերպչական բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը: «Մեծ պատիվ է մեզ համար, որ նման նշանակալի միջոցառումն անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում… Հատկանշական է այն փաստը, որ ՀՀ կառավարության 04.10.2018թ.-ի որոշմամբ հոկտեմբերի 19-ը այսուհետ նշվելու է որպես քրեակատարողական ծառայողի օր: Օրը խորհրդանշական դարձավ նաև մեր այսօրվա հանդիպումով: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության բոլոր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին», – իր խոսքում նշեց ծառայության պետը:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից առաջնայինը Խորհրդի համանախագահ ընտրելն էր: Խորհրդի անդամների միաձայն որոշմամբ համանախագահ ընտրվեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը: Ծառայության պետը շնորհակալություն հայտնեց ցուցաբերած վստահության համար՝ նշելով, որ բոլորի կողմից միասնաբար իր ընտրությունը մեծ պատիվ է և պատասխանատվություն:
Նիստի օրակարգի շրջանակներում Խորհրդի ղեկավարները ներկայացրին իրենց պետությունների քրեակատարողական ոլորտներում վերջին ժամանակներում իրականացված բարեփոխումները, ներդրված նորարարական ծրագրերը, նախագծերը, նորմատիվ իրավական և օրենսդրական փոփոխությունները: Նիստի մասնակիցները հատկապես նշեցին, որ Խորհրդի արդյունավետ գործունեության մեջ մեծ դեր է խաղում փորձի և տեղեկատվության փոխանակումը:
Նիստի օրակարգում ընդգրկված էին նաև 2019-2023 թվականների հանցավորության դեմ համատեղ պայքարի միջոցների միջպետական ծրագրի իրականացմանը, Խորհրդի խորհրդանշանի աշխատանքային տարբերակի քննարկմանը, ինչպես նաև միասնական տեղեկատվական բազայի ստեղծմանը վերաբերող հարցեր:
Նիստի ավարտին որոշվեց, որ ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի IV նիստը կանցկացվի 2019 թվականին Ղազախստանի Հանրապետության Ալմա Աթա քաղաքում:
Խորհրդի մասնակիցները հանդիպման ավարտին շնորհակալություն հայտնեցին հայկական կողմին բարձր մակարդակով կազմակերպված միջոցառման համար՝ նշելով, որ ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհուրդը բարենպաստ հարթակ է քրեակատարողական ոլորտում առկա խնդիրների լուծման միասնական մոտեցումներ և մեխանիզմներ ստեղծելու համար:
Նիստից հետո հյուրերն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Եղեռնի զոհերի հիշատակին: