Մշակութային

«Ապրելու բանաձևը»՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

սեպտեմբերի 24, 2025

ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հյուրընկալվել էր «Ապրելու բանաձև» մատենաշարի և համանուն հաղորդաշարի հեղինակ ու վարող Գոհար Մարտիկյանը։

Նա ազատազրկված կանանց ներկայացրել է 13 հատորից բաղկացած մատենաշարը, որտեղ ընդգրկված են Արցախյան ազատամարտում անմահացած հերոսների, հայ քաջորդիների կյանքի պատմություններն ու սխրագործությունները։

Գոհար Մարտիկյանի որդին՝ սերժանտ Աշոտ Չախոյանը, նույնպես անմահացել է՝ իր կյանքը նվիրելով հայրենիքին։ Հենց այդ պատմությունից էլ ծնվել է «Ապրելու բանաձևը», որը հեղինակին օգնել է վերագտնել և վերաիմաստավորել կյանքը որդու կորստից հետո։

Ազատազրկված կանայք մեծ հետաքրքրությամբ և ակնածանքով են լսել հերոսների պատմությունները, իսկ հանդիպման ավարտին հեղինակը գրքեր է նվիրաբերել հիմնարկի գրադարանին։