Առաջին Հանրապետության օրը նշվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
մայիսի 31, 2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր մշակութային միջոցառում՝ նվիրված Մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան։
Միջոցառումը կազմակերպել էր հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը հիմնարկում գործող «Ինքնագործ մշակութային միավորում» խմբի անդամ կին դատապարտյալների օժանդակությամբ և մասնակցությամբ։ Ներկա է եղել նաև հիմնարկի վարչակազմը։
Օրվա բովանդակությունն ընդգծելու համար ցուցադրվել է ռեժիսորներ Խորեն Աբրահամյանի և Արկադի Հայրապետյանի «Սարոյան եղբայրները» գեղարվեստական ֆիլմը, որը քաղաքական պայքարի տարբեր բևեռներում հայտնված երկու եղբայրների դրամատիկ կյանքի միջոցով ներկայացնում է Առաջին աշխարհամարտից հետո՝ 1920 թվականին Հայաստանում ծավալված իրադարձությունները։
Ցուցադրումից հետո տեղի է ունեցել ֆիլմի քննարկում, ազատազրկված կանայք հանդես են եկել նաև հայրենասիրական երգերով և ասմունքով՝ իրենց ակտիվ մասնակցությամբ հերթական անգամ փաստելով, որ անազատության մեջ գտնվելը չի խանգարում զբաղվել սեփական անձի կատարելագործմամբ, լինել տեղեկացված և ստանալ գիտելիքների, հոգևոր սնունդի մեծ պաշար։
![]() | ![]() |

