Մշակութային

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի անձնակազմն այցելել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ

մարտի 26, 2026

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց մշակութային ժամանցն ապահովելու նպատակով Քրեակատարողական ծառայության կողմից կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ, գրող և հրապարակախոս Ավետիք Իսահակյանին։ Հիմնարկ էին այցելել Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը, գիտաշխատող Լիլիթ Ավետիսյանը և էքսկուրսավար Արփինե Ալեքսանյանը։

Հյուրերն ազատազրկված անձանց ներկայացրել են բանաստեղծի պապենական տունը, որտեղ ցուցադրված են նրա մանկության և պատանեկության տարիների մասին պատմող արժեքավոր իրերը։ Ներկայացվել են նաև Իսահակյանի կյանքի կարևոր դրվագները, նրա ընտանիքը, կրթական ուղին, գրական և հասարակական-քաղաքական գործունեությունը։ Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել գրողի առանձին ստեղծագործություններին, դրանց ստեղծման պատմությանը և գաղափարական հիմքերին։

Ներկայացվել է նաև թանգարանում իրականացված նորարարական ծրագիրը, որը համատեղում է պատմությունը, արվեստը և ժամանակակից տեխնոլոգիաները։ Ծրագիրը հնարավորություն է տալիս այցելուներին վիրտուալ ճամփորդության միջոցով «վերադառնալ» անցյալ, ծանոթանալ Վարպետի կյանքին ու ստեղծագործությանը, ինչպես նաև ուսումնասիրել նրա կողմից շատ սիրված պատմական Անի քաղաքը։ Ցուցադրվում է նաև Ավետիք Իսահակյանի հոլոգրաֆիկ պատկերը, որը նորարարական լուծումների միջոցով կենդանացնում է բանաստեղծի կերպարն ու ոգին։

Բանախոսության ավարտին հյուրերը հիմնարկի գրադարանին նվիրաբերել են գրքեր։