Արդյունավետ ազատ ժամանակ և զարգացման լայն հնարավորություն․ քրեակատարողական հիմնարկներում անցկացվել են բազմաբնույթ միջոցառումներ
նոյեմբերի 14, 2025
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են տարբեր ձևաչափի միջոցառումները, որոնք նպատակ ունեն նպաստելու ազատազրկված անձանց վերասոցիալականացմանը և ապահովել նրանց ազատ ժամանակի արդյունավետ ու բովանդակալից անցկացումը։
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կազմակերպվել է ազատազրկված անձ Գարեգին Սարգսյանի հեղինակած «Հետախույզն ու ցմահ դատավճիռը» գրքի ներկայացումը։ Գիրքը պատմում է Արցախյան առաջին պատերազմի մասնակից, հետախույզ, ներկայումս ցմահ դատապարտյալի կյանքի պատմությունը։ Այն գրվել է հարցման ձևաչափով, որտեղ յուրաքանչյուր հարց հետախուզական քայլ է, իսկ յուրաքանչյուր պատասխան՝ փակ թղթապանակի բացում։
«Սևան» ՔԿՀ-ում պատիժ կրող օտարերկրյա քաղաքացիների համար կազմակերպվել է Հայաստանի մասին պատմող անգլալեզու վավերագրական ֆիլմի դիտում, որը հնարավորություն է տվել ավելի մոտիկից ճանաչելու երկրի պատմությունն ու մշակույթը։
«Վանաձոր» ՔԿՀ-ում ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ անցկացվել է ինտելեկտուալ թիմային վիկտորինա, որի նպատակն էր խթանել գիտելիքների զարգացումը, թիմային համագործակցությունն ու առողջ մրցակցությունը։
«Գորիս» ՔԿՀ-ում ազատազրկված անձինք մրցել են պտտաձողի վրա ձգվելու վարժությամբ՝ խրախուսելով ֆիզիկական ակտիվությունը և առողջ ապրելակերպը։