«Արմավիր» ՔԿՀ-ում պատրաստվում են շախմատի աշխարհի առցանց առաջնությանը
հուլիսի 11, 2022
Հուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի նախաձեռնությամբ իրականացվել է շախմատի համաժամանակյա խաղ, որին մանակցել է 8 դատապարտյալ։
Խաղին ներկա են եղել ՀՀ ԱՆ ՔԿԾ պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը, «Արմավիր» ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Արտակ Ղազարյանը, Ծառայության կենտրոնական մարմնի, հիմնարկի վարչակազմի և Շախմատի ակադեմիայի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև Շվեյցարիայի ռեժիսորների միության անդամ, վավերագրող-պրոդյուսեր Իվո Զենը։ Վերջինս, հետաքրքրված լինելով բանտային շախմատով և լինելով տարբեր երկրներում, իրականացրել է նկարահանումներ բանտերում անցկացվող շախմատի մրցաշարերից՝ ազատազրկված անձանց շախմատային կյանքի, իրականացվող մրցաշարերի մասին վավերագրական ֆիլմ պատրաստելու համար։ Ֆիլմում ռեժիսորն ընդգրկելու է նաև հայաստանյան ՔԿՀ-ներում անցկացվող խաղերից դրվագներ։
Մինչ խաղի կազմակերպումը՝ ազատազրկված անձանց հետ օնլայն պարապմունքներ է անցկացրել Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) վարպետ, մարզիչ Սարգիս Մանուկյանը։
Խաղի կազմակերպման հիմնական նպատակը մասնակիցների շախմատային ուժերի ստուգումն էր՝ աշնանը «Բանտարկյալների համար» շախմատի աշխարհի առցանց առաջնությանը մասնակիցներ ընտրելու և պատրաստելու համար։
Հավելենք, որ աշխարհի առցանց առաջնությունը աշխարհի տարբեր երկրների ազատազրկված անձանց միջև կազմակերպվելու է երկրորդ անգամ, որին Հայաստանի շախմատի հավաքականից մասնակցելու է ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներից լավագույն ուժերով հանդես եկած 4 դատապարտյալ։