Պաշտոնական

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մեկնարկել է հանրային պաշտպանների և ազատազրկված անձանց տեսահաղորդակցությունն ապահովող փորձնական ծրագիր

մայիսի 18, 2023

Մայիսի 17-ի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մեկնարկել է «Հայաստանի քրեական արդարադատության ոլորտի բարեվարքության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում իրագործվող «Հանրային պաշտպանների և նրանց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող վստահորդների միջև առցանց տեսակապի ապահովումը» փորձնական ծրագիրը։

Բացմանը ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Արտակ Առուստամյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների և իրավապահ համագործակցության /ԹՊԻՀ/ գրասենյակի ղեկավար Ալեքսիս Հաֆթվանին, Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության /ԻԶՄԿ/ ծրագրերի բաժնի ղեկավար Ֆրանկո Սանչեզ-Իդալգոն, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, ՀՀ ԱՆ ՔԿԾ կենտրոնական մարմնի ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ և բազմաթիվ այլ հյուրեր։

Փորձնական ծրագիրը համապատասխանում է միջազգային չափանիշներին, նրա կիրառման հիմնական նպատակներից են արդարադատության ոլորտի թափանցիկության, բացության և հաշվետվողականության մակարդակի բարձրացումը, անվճար իրավաբանական օգնությունը ավելի հասանելի դարձնելը՝ ապահովելով գաղտնի տեսահաղորդակցություն հանրային պաշտպանների և անազատության մեջ պահվող անձանց միջև։ Ծրագրի իրականացումը կբարելավի նաև շահառուների էլեկտրոնային հմտությունները, կնվազեցնի թղթատարությունը, ինչը իր հերթին կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ծրագրի շնորհիվ կտնտեսվեն նաև քրեակատարողական հիմնարկում անվճար իրավաբանական օգնության տրամադրումը կազմակերպելու համար պահանջվող ռեսուրսներն ու ժամանակը։ Ըստ փորձագետների՝ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումն ու արդարադատությունը՝ ներառյալ բարձրորակ անվճար իրավաբանական օգնության ծառայությունները, ավելի հասանելի դարձնելու շնորհիվ բարձրանում է նաև ազգաբնակչության անվտանգության մակարդակը։

Հատկանշական է, որ տեսահաղորդակցության ժամանակ ապահովվելու են տեսազանգի անվտանգությունն ու գաղտնիությունը․ մասնավորապես՝ Zoom տեսազանգը սկսելուն պես կարգելափակվի դրա հասանելիությունը երրորդ անձի համար, սահմանափակվելու է թույլատրված օգտագործողների շրջանակը, վերահսկվելու է տևողությունը, արգելափակվելու է որոշ պետություններից զանգին միանալու գործառույթը, մասնակիցները չեն կարողանալու միանալ տեսազանգին միաժամանակ մեկից ավելի էլեկտրոնային սարքերից։ Օտարերկյա դատապարտյալների համար տեսահաղորդակցության ժամանակ կտրամադրվի թարգմանիչ, որն իր ծառայությունները կմատուցի նույնպես առցանց ձևաչափով։

Ծրագրի հաջող ընթացքի դեպքում այն նախատեսվում է կիրառել նաև ՀՀ մյուս քրեակատարողական հիմնարկներում։