Մշակութային

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթության գծով տնօրեն Ելիզավետա Շիրինյանի հերթական դասախոսությունը՝ «Աբովյան» ՔԿՀ-ում

մարտի 31, 2026

Շարունակելով համագործակցությունը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ՝ Քրեակատարողական ծառայությունը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում նախաձեռնել էր հերթական միջոցառումը, որի շրջանակներում Կենտրոնի կրթության գծով տնօրեն Ելիզավետա Շիրինյանը հանդես է եկել դասախոսությամբ՝ նվիրված ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Քնարիկ Վարդանյանին։

Ազատազրկված կանանց ներկայացվել է Գաֆէսճեան թանգարանի «Քնարիկ Վարդանյան ժամանակ, տարածություն, շարժում» խորագրով ցուցահանդեսը, որի նպատակն է բացահայտել հայ կերպարվեստի պատմության լուսանցքում մնացած կին արվեստագետներին՝ հանրությանը ներկայացնելով նրանց ստեղծագործական ժառանգությունը։ Ցուցադրությունը հնարավորություն է տվել երկար տարիների լռությունից հետո վերարժևորել ականավոր նկարչուհու արվեստը՝ իր ամբողջական գեղարվեստական ընդգրկմամբ։

Դասախոսության ընթացքում ազատազրկված կանայք ծանոթացել են Քնարիկ Վարդանյանի կյանքին, ստեղծագործություններին և նրա ինքնատիպ գեղարվեստական ձեռագրին, որի առանցքում շարժման գաղափարն է։

Դասախոսությանը հաջորդել է արտ-թերապիայի գործնական հատված, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել արտահայտել իրենց մտքերն ու հույզերը՝ դրանք փոխանցելով թղթին գույների և պատկերների միջոցով։