«Գեղեցկությունը կփրկի աշխարհը». ցուցահանդես «Սևան» քրեակատարողական հիմնարկում
հունիսի 28, 2023
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը, ամփոփելով ուսումնական երկրորդ կիսամյակը, «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» հանրակրթական ծրագրի «Խեցեգործություն» առարկայի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպել է ցուցահանդես-միջոցառում:
Ցուցահանդեսին ներկա են եղել քրեակատարողական հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալները:
Խեցեգործության ուսուցչուհի Վիկտորյա Գասպարյանը ներկայացրել է ազատազրկված անձանց կողմից դասի շրջանակներում պատրաստված գործերը՝ նշելով, որ միջոցառման խորագիրը վերցված է ռուս մեծանուն գրող և փիլիսոփա Ֆյոդոր Միխայլովիչ Դոստոևսկու խոսքերից: «Գեղեցկությունը, որի մասին գրողը խոսում է, «դրական հիասքանչ մարդու» բոլոր բարոյական հատկանիշների միասնությունն է: Յուրաքանչյուրը առաջնորդվելով այն ամեն լավով, որ կա իր հոգում, հիշողության մեջ և ձգտումներում, կլինի գեղեցիկ, և աշխարհը կփրկվի գեղեցկությամբ, այսինքն՝ այն ամեն բարով, որ կա մարդկանց մեջ»,- ասել է միջոցառման հեղինակը: Նա նաև նշել է, որ ցուցադրված գործերում մասնակիցները ինքնաարտահայտվել են՝ առարկաները կամ երևույթները ներկայացնելով սեփական գույներով:
Միջոցառմանը հրավիրված են եղել նաև ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի մասնագետներ Նունե Մնացականյանը, Սիլվա Արիստակեսյանը, Իրավական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Նարե Հովհաննիսյանը, ուսուցիչներ Սուսաննա Դանելյանը, Կամո Առաքելյանը: Ավարտին հյուրերին հանձնվել են ցուցադրվող աշխատանքներից նվերներ: