Գենդերազգայուն մոտեցումներ՝ ազատազրկված կանանց հետ տարվող աշխատանքներում
սեպտեմբերի 30, 2025
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները մասնակցել են եռօրյա դասընթացի, որը նվիրված էր «Ազատազրկված կանանց հետ տարվող աշխատանքներում գենդերազգայուն մոտեցումների ներառում և կիրառում՝ ըստ Բանգկոկյան կանոնների» թեմային։
Դասընթացը կազմակերպվել էր «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից՝ նպատակ ունենալով ամրապնդել քրեակատարողական ծառայողների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները թե՛ ազատազրկված կանանց և թե՛ հիմնարկներ այցելող կանանց հետ աշխատանքում։
Դասախոսություններով հանդես են եկել Էթիկայի դպրոցի հիմնադիր նախագահ Գևորգ Մկրտչյանը՝ «Էթիկա և հաղորդակցություն» թեմայով, հոգեբան-հոգեթերապևտ Նելլի Սարատիկյանը՝ «Հուզական բարեկեցություն» և «Ինչպես խուսափել և հաղթահարել մասնագիտական այրումը» թեմաներով, ինչպես նաև՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։ Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը, ի թիվս այլնի, մասնակիցներին ներկայացրել է միջազգային և ազգային չափորոշիչները կանանց նկատմամբ վարվեցողության վերաբերյալ հատկապես զննությունների, խուզարկությունների և ուղեկցումների կազմակերպման համատեքստում։
Բացի նոր գիտելիքներից և մասնագիտական ուղենիշներից՝ մասնակիցները հնարավորություն են ունեցել քննարկելու նաև գործնական խնդիրներ և փոխանակելու իրենց փորձը։