Պաշտոնական

Գիտաժողով՝ «Դատապարտյալների իրավունքները և դրանց իրականացումը ՀՀ-ում» խորագրով

ապրիլի 14, 2022

Այսօր՝ ապրիլի 14-ին, Հայաստանի եվրոպական համալսարանում անցկացվել է «Դատապարտյալների իրավունքները և դրանց իրականացումը ՀՀ-ում» թեմայով գիտաժողով: Գիտաժողովին իրենց զեկույցներով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, ՀՀ ոստիկանության և ոստիկանության ակադեմիայի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հայաստանի եվրոպական, պետական մանկավարժական և Հայ-ռուսական համալսարանների ներկայացուցիչները: 

Գիտաժողովին ողջույնի և բացման խոսքով հանդես են եկել ՀԵՀ ռեկտոր, դոցենտ Հ․ Բիշարյանը, ՀԵՀ իրավագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Ն․ Տոնոյանը, Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ա․ Խաչատրյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա․ Այվազյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Լ․ Գասպարյանը, իրավապաշտպան Լ․ Ալավերդյանը և այլն։

Քրեակատարողական ծառայության կողմից ելույթ է ունեցել կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը, որն իր զեկույցում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող և պատիժ կրող ազատությունից զրկված անձանց կողմից կատարված ինքնավնասումների, ինքնասպանության փորձերի և ինքնասպանությունների պատճառները, դրանց կանխարգելմանն ուղղված աշխատանքները, անձի վարքի վրա միջավայրի ազդեցության հնարավոր բացասական հետևանքները: Զեկույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել վերջին չորս տարիների ընթացքում արձանագրված դեպքերի վիճակագրությանը, փաստվել է նաև, որ դրանց կանխարգելմանն ու թվաքանակի նվազեցմանն ուղղված կատարվում են համալիր աշխատանքներ, վերանայվում են օրենքներ և իրավական ակտեր, աշխատանքի մոտեցումներ, վերանայվում և ավելացվում են համապատասխան մասնագետների հաստիքներ, ներդրվում են կանխարգելման գործիքներ։ 

ՍՀԻԱ բաժնի պետը, որպես վերջաբան, նշել է, որ այս գործընթացները կլինեն արդյունավետ և կծառայեն իրենց նպատակին միայն մշտական և անընդհատ կատարելագործման արդյունքում: