«Գորիս» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց հանձնվել են ավարտական վկայականներ
դեկտեմբերի 28, 2022
«Հանուն ազատության» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2022 թվականին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական մի քանի հիմնարկներում «Հավասարը՝ հավասարին» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր եռամսյա դասընթացներ, որոնց ընթացքում անազատության մեջ գտնվող անձինք սովորել են օճառագործություն, ծաղկագործություն և գրիչների ասեղնագործություն։
Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ում հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից կազմակերպվել էր վկայականների հանձնման արարողություն, որի ընթացքում հիմնարկի պետի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը նախ՝ շնորհավորել է բոլորին Ամանորի ու Սուրբ Ծննդյան կապակցությամբ, ապա՝ ավարտական վկայականներ և «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի կողմից պատրաստված ամանորյա նվեր-փաթեթներ հանձնել օճառագործության դասընթացին մասնակցած բոլոր դատապարտյալներին։
Ամանորի նվեր-փաթեթներ են տրվել նաև «Արմավիր» ՔԿՀ-ում կազմակերպված գրիչների ասեղնագործության ու ծաղկագործության դասընթացների մասնակից դատապարտյալներին և «Աբովյան» ՔԿՀ-ում պատիժ կրող այն անձանց, որոնք մասնակցել էին Կովիդ-19-ի կանխարգելման դասընթացներին։