Հոգևոր

Գրականությունը` որպես հոգևոր ճամփորդություն. «Գրականությունն ու հավատքը» թեմայի շրջանակներում հանդիպում՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

հոկտեմբերի 23, 2025

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Տ Իսահակ վարդապետ Պողոսյանը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպում է ունեցել ազատազրկված կանանց և անչափահասների հետ։

Հանդիպումը բացվել է Տերունական աղոթքով և «Պահպանիչով», ապա հոգեշնորհ Հայր սուրբը «Գրականությունը և հավատքը» թեմայի շրջագծում ամփոփ ներկայացրել է իր ստեղծագործական ուղին և որոշ քերթվածներ՝ վիպակներ, գրական, գիտական, ինչպես նաև հանրամատչելի երկեր ու թարգմանություններ Ընդհանրական եկեղեցական հայրերից` խոստանալով համալրել ներկայացված գրականության ցանկը։

Հանդիպման սկզբում Հայր սուրբն արձանագրել է. «Ինչպես հավատքն է լույս հոգու համար, այնպես էլ` գրականությունը։ Առավել ևս հոգևոր գրականությունը։ Այն լույսի ինքնահատուկ արտահայտություններից է, ինչպես որ արվեստի մյուս ճյուղերը։ Քանի որ յուրաքանչյուր ներապրում կամ հեղինակություն, առավել ևս երևան եկող մտքի, զգացմունքի, մշակույթի խորը ներկապնակով, ինքնին արժեք է։ Եվ կարող է մեծապես նպաստել Աստվածագիտությանը և Աստվածազգացողությանը, ինչպես նաև Սուրբ գրքերում ծրարված ճշմարտությունների բացահայտմանն ու ընկալմանը։ Մանավանդ որ աստվածայինի ընկալումն ու վերապրումն է, որ ընդգրկում է Սուրբ Հոգու բնակատեղի` մարդու բովանդակ էությունը։ Ինչը նաև բնորոշվում է` «հայեցողություն»»։

Հընթացս քննության առարկա են դարձել քրիստոնեական բարոյագիտությանն ու հոգևոր կյանքին առնչվող մի շարք հարցեր։ Հանդիպումն անցել է ջերմ ու անմիջական մթնոլորտում։ Վերջում մասնակիցները հույս են հայտնել, որ հանդիպումները շարունակական կլինեն։