Պաշտոնական

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հանդես են եկել Նոր Նորքի հայորդաց տան սաները և Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլը

սեպտեմբերի 24, 2024

ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի նախաձեռնությամբ կազմակերպվել էր մեծ համերգային ծրագիր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձին։

Միջոցառմանը ներկա են եղել Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, քրեակատարողական հիմնարկների պետեր, Ծառայության կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ և այլ հյուրեր։ 

Համերգը մեկնարկել է Հայաստանի Հանրապետության օրհներգով, որից հետո Արարատյան Հայրապետական թեմի Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը հնչեցրել է տերունական աղոթքը և օրվա խորհրդով դիմել ներկաներին։ 

Այնուհետև ազատազրկված անձանց և հյուրերի համար գեղեցիկ կատարումներով ելույթ են ունեցել Նոր Նորքի հայորդաց տան սաները, Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլը, ժողովրդական երգի կենդանի կատարող եղբայրներ Դավիթ և Գևորգ Խաչատրյանները։ Հնչել են թմբուկներով ստեղծագործություններ, հայկական ազգային պարեր, հայրենասիրական երգեր և երաժշտական այլ համարներ։ Օրվա խորհրդով տպավորված՝ հանդիսատեսի համար իր հեղինակած բանաստեղծությունն է ներկայացրել նաև դատապարտյալներից մեկը։

Միջոցառման ավարտին երախտիքի խոսքով հանդես է եկել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության փոխգնդապետ Ռոբերտ Թամարյանը և շնորհակալագրեր հանձնել համերգի մասնակիցներին ու կազմակերպիչներին։