Կրթական

Դատապարտյալների նախաձեռնությամբ գրադարանը համալրվել է նոր գրքերով

օգոստոսի 23, 2021

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գործող «Ինքնագործ մշակութային միավորում» խմբի անդամ, ցմահ դատապարտյալ Գեորգի Խանամիրյանի նախաձեռնությամբ հիմնարկի գրադարանն արդիականացվել է նոր ցանկով։ 

Այս գործընթացի համար Գ․ Խանամիրյանը հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ դիմել էր «Անտարես» և «Զանգակ» հրատարակչություններին, վերջիններս, ընդառաջելով անզատության մեջ գտնվող մարդկանց՝ ինքնակրթվելու և գրականության անընդմեջ զարգացող շունչը զգալու ցանկությունը, «Արմավիր» ՔԿՀ-ի գրադարանին են նվիրել մեծ քանակությամբ գեղարվեստական գրքեր արդի հայ գրողների ստեղծագործություններից, արտասահմանյան գրականությունից, նվիրվածների շարքում կան նաև փիլիսոփայությանը, հոգեբանությանը, հայագիտությանը և պատմությանը վերաբերող զանազան գրքեր։

Գ․ Խանամիրյանի խոսքերով՝ հրատարակչություններին դիմելիս հաշվի են առել դատապարտյալների նախասիրությունները, նպատակ ունեն նաև վերանորոգելու գրադարանի գրքերը՝ դրանք ավելի դիմացկուն դարձնելու համար, իսկ այս աշխատանքը, ըստ Խանամիրյանի, օգնում է դատապարտյալների շրջանում ընթերցանության հանդեպ հետաքրքրություն առաջացնելուն։