Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում Քրեակատարողական ծառայության աշխատակիցները մասնակցել են վերապատրաստման դասընթացների
փետրվարի 01, 2024
Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների ամրապնդումը» ծրագրի շրջանակներում սույն թվականի հունվարի 30 և 31-ին իրականացվել են դասընթացներ՝ «Վերապատրաստում ինքնասպանությունների կանխարգելման միջամտությունների պլանների վերաբերյալ՝ հիմնված Հայաստանի քրեակատարողական հիմնարկների համար մշակված ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի զննության և գնահատման գործիքակազմի վրա» թեմայով։
Վերապատրաստմանը մասնակցել են Ծառայության կենտրոնական մարմնի համապատասխան ստորաբաժանումների պետերը, քրեակատարողական հիմնարկների ղեկավար անձնակազմը։
Ելույթով հադես է եկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը՝ բարձր գնահատելով Եվրոպայի խորհրդի ներդրումն ու աջակցությունը քրեակատարողական համակարգի բարելավման և զարգացման գործում։
Դասընթացների նպատակն էր քրեակատարողական հիմնարկներում 2022 թվականի օգոստոսից գործարկվող ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի զննության և գնահատման գործիքակազմի շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը։
Վերապատրաստման ընթացքում Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ Դուգլաս Գրահամի և ազգային փորձագետ Արշակ Գասպարյանի հետ քննարկվել են ռիսկերի կառավարման պլանը, անվտանգության ու վերականգնողական ստորաբաժանումների միջև համագործակցության առանձնահատկությունները և ոլորտին վերաբերող այլ հարցեր։