Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ քրեակատարողական հիմնարկներում
հունիսի 03, 2025
Կարևորելով ազատազրկված անձանց կապն արտաքին աշխարհի հետ, ծնող-երեխա դրական հարաբերությունների ամրապնդումը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ։
«Սևան» քրեակատարողական հիմնարկի եկեղեցում կատարվել է երեխաների օրհնության կարգ, ապա ազատազրկված անձանց և նրանց երեխաների միջև անցկացվել է ֆուտբոլային խաղ, որն ավարտվել է 8։2 հաշվով՝ հօգուտ երեխաների թիմի։ Իսկ խաղի ավարտին ծնողները գնդակներ են նվիրել երեխաներին։
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում Տեր Լևոն քահանա Հովհաննիսյանի ձեռամբ նույնպես կատարվել է երեխաների օրհնության կարգ։
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր արտթերապևտիկ հոգեբանական աշխատանք՝ նպաստելու ծնող-երեխա հուզական կապի ամրապնդմանը ստեղծագործական ինքնարտահայտման միջոցով․ երեխաները հայրերի օգնությամբ ջրաներկով գունազարդել են սպիտակ, գիպսե արձանիկներ։
Տոնական, ուրախ մթնոլորտ էր տիրում նաև «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, որտեղ ազատազրկված անձանց երեխաները և ընտանիքի մյուս անդամները մասնակցել են մանկական զվարճալի միջոցառման՝ ծաղրածուների, մուլտ-հերոսների կատարմամբ։ Երեխաների համար կազմակերպված ուրախ տոնն ամփոփվել է նվերներով և խմբային հոգեբանական աշխատանքով՝ ուղղված ծնողավարման հմտությունների զարգացմանը, միջանձնային դրական հարաբերությունների ամրապնդմանը։
Խինդով, ծիծաղով ու նվերներով օրը լի էր նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որտեղ ազատազրկված անձինք բեմադրել էին մանկական թատերական ներկայացում իրենց երեխաների և հարազատների համար։ Իսկ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իրենց մայրերի հետ պահվող երեխաները և անչափահաս ազատազրկված անձինք ստացել են նվերներ Քրեակատարողական ծառայության կողմից։